Արդարադատության նախարարությունը հաստատել է «Իշխանություն» լրատվականի հրապարակումը՝\nՍահմանադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Մեր լրատվականի ձեռքի\nտակ է հայտնվել Սահմանադրության փոփոխված\nտարբերակը, որի նախաբանից փաստացի ջնջված է հայ ժողովրդի «պատմական\nհիշողությունը»։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ\nգործող Սահմանադրությունը հենց դրա վրա է հիմնված։ Իսկ Անկախության հռչակագիրը ՀՀ\nՍահմանադրությունից հեռացնելը Իլհամ Ալիևի պահանջն է եղել, քանի որ այնտեղ առկա են\nձևակերպումներ Արցախի և պատմական հայրենիքի վերաբերյալ։
\n\nՄարտի 18-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ\nՍրբուհի Գալյանը հայտնել էր, որ տեքստը պատրաստ է։ «Խոստացել էի, որ մարտին\nպատրաստ կլինի»,-ասել էր նա։ Մեր հրապարակումից հետո՝ մարտի 20-ին տարածած\nպարզաբանման մեջ կարդում ենք հետեւյալը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը,\nև վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային,\nայնպես էլ խմբագրական փոփոխություններ»։ Այս հակասական հայտարարություններով\nիշխանությունը փաստացի մոլորեցնում է հանրությանը։
\n\nԱրդարադատության\nնախարարության պարզաբանումը իրականում ոչ թե հերքում է այս ամենը, այլ հաստատում։\nԱյն չի ասում, որ հրապարակված տեքստը կեղծ է կամ իրականությանը չի\nհամապատասխանում։ Ընդամենը նշում է, որ սա «աշխատանքային», «սևագիր» տարբերակ է և\nդեռ փոփոխությունների փուլում է։ Բայց հենց այս ձևակերպումներով նախարարությունը\nփաստում է գլխավոր՝ այդպիսի տեքստ կա, այն շրջանառվում է և քննարկվում՝ հենց այդ\nտրամաբանությամբ։
\n\nԵրբ «սևագիր»\nտարբերակում արդեն բացակայում է հռչակագիրը, երբ «աշխատանքային» փաստաթղթում\nջնջվում է պատմական հիշողությունը, ակնհայտ է, որ սա ուղղություն է, ոչ թե\nպատահական փորձարկում։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ հրապարակվածը ոչ միայն իրական\nէ, այլ նաև արտացոլում է այն քաղաքական գիծը, որով ձևավորվում է նոր\nՍահմանադրությունը։ Կատարված փոփոխությունը ամբողջությամբ համընկնում է այն\nպահանջների հետ, որոնք տարիներ շարունակ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ\nՀայաստանի Սահմանադրությունը խնդիր է Ադրբեջանի համար։
\n\nԼիա Սարգսյան