651 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 15:50
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

4 անչափաս երեխաներիս հետ առավոտվանից նստացույց եմ անում, մեկը չմոտեցավ

Օգոստոսի 31-ին ընտանիքը՝ չորս անչափահաս երեխաների հետ միասին, առավոտից մինչև երեկո նստացույց է արել կառավարության շենքի դիմաց՝ պնդելով, որ վարձակալած բնակարանից իրենց դուրս են հանում, իսկ այլ բնակարան վարձակալելու հնարավորություն այս պահին չունեն։

Ընտանիքի հայրը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ ընտանիքը Գավառից Երևան է տեղափոխվել՝ նորածին երեխայի առողջական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով՝ երեխան թոքերի հետ կապված խնդիրներով է ծնվել, իսկ բժիշկները խորհուրդ են տվել խուսափել խոնավ պայմաններից։

Տղամարդու խոսքով՝ ընտանիքը մոտ մեկ շաբաթ առաջ վարձակալել է բնակարան Նորագավի 7-րդ փողոցի 66/1 հասցեում՝ նախապես վճարելով 200 հազար դրամ և 50 հազար դրամ դեպոզիտ։

Սակայն, ըստ բնակչի, բնակարան տեղափոխվելուց օրեր անց տանտերը սկսել է խնդիրներ ստեղծել, անջատել է տան էլեկտրաէներգիան և պահանջել ազատել բնակարանը։

«Ինձնից բացի՝ ևս 5 հոգու նույն կերպ խաբել է, փողերը վերցրել է։ Ինձանից էլ 200 հազար դրամ է վերցրել»,- նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանություն է դիմել, սակայն, իր խոսքով, խնդիրը լուծում չի ստացել։

Տղամարդու խոսքով՝ ոստիկանությունից իրեն 36 ժամ ժամանակ են տվել բնակարանը ազատելու համար, և այդ ժամկետն արդեն լրացել է։

«Ես ուրիշ տարբերակ չունեմ։ Տուն չկարողացա գտնել, դրա համար եկել եմ այստեղ։ Ոնց որ տեսնում եք՝ չորս անչափահաս փոքր երեխա է նստած այստեղ։ Ի՞նչ անեմ, ես չգիտեմ»,- ասել է նա։

Բնակիչը նշել է, որ ինքը աշխատում է շինարարության ոլորտում, սակայն այս պահին նոր բնակարան վարձակալելու համար անհրաժեշտ գումար չունի։

«Իմ երեխեքը առանց լույս, առանց ոչ մի բանի մնում են։ 10 օրում 150 հազար դրամ ծախսել եմ երեխեքիս ուտելիքի վրա, բայց հիմա ոչ կարող ենք եփել, ոչ կարող ենք ինչ-որ բան անել»,- պատմել է նա։

Ընտանիքի հայրը նաև նշել է, որ բնակարանը վարձակալելիս որևէ պայմանագիր չի կնքվել, իսկ բնակարանի պայմանները, իր նկարագրությամբ, նույնպես բավարար չեն եղել։

Նրա խոսքով՝ կառավարության շենքի դիմաց գտնվելու ընթացքում պետական կառույցների ներկայացուցիչները չեն հետաքրքրվել և անգամ չեն էլ մոտեցել։

«Միայն երեխաներին են ուզում տեղավորել ինչ-որ տեղ, բայց ես չեմ կարող երեխեքիս տալ։ Ես տվյալ պահին դրսում եմ։ Բարեկամ էլ չունեմ, որ գնամ բարեկամի տուն»,- ասել է նա։

Ընտանիքը շարունակում է պահանջել, որ պետական մարմիններն արձագանքեն իրավիճակին և իրենց համար լուծում գտնեն՝ հատկապես հաշվի առնելով ընտանիքում չորս անչափահաս երեխայի, այդ թվում՝ նորածնի առկայությունը։