Կառավարության կողմից ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզվառելիքի և բենզինի ակցիզային հարկի բարձրացման որոշումը պայմանավորված է բացառապես օրենսդրական կարգավորումներով և գնաճի ճշգրտմամբ, այլ ոչ թե հետընտրական շրջանում բյուջեի բացերը լրացնելու միտումով։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե իշխանությունն ընտրություններից առաջ չէր զգուշացրել սպասվող թանկացումների մասին։
Նախարարի խոսքով՝ տարիներ առաջ ներկայացված ակցիզային հարկի փոփոխությունների պլանն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ինչը ենթադրում է նոր պլանի մշակում 2027 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։
«Ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են ընդամենը գնաճի ճշգրտումներին։ Հիմնական ապրանքատեսակների մասով ճշգրտել ենք՝ 3%-ով է բարձրանում, այսինքն՝ էական փոփոխություն չի լինում։ Ընդ որում, ունենք նվազեցումներ որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ մրգօղիների և կոնյակի մասով»,- ասաց նա։
Անդրադառնալով այն քննադատությանը, թե նախագիծը պահվել է նախընտրական շրջանում հանրությանը չվրդովեցնելու համար, նախարարն ասաց, որ ցանկացած հարկային բարձրացում պետք է հաստատվի ուժի մեջ մտնելուց առնվազն 6 ամիս առաջ։ Ուստի կառավարությունը նպատակ ունի նախագիծն ընդունել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի այն գործի հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Արձագանքելով վերլուծաբանների պնդումներին, թե առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումն ու կենսաթոշակների բարձրացումը մեծ բեռ են բյուջեի համար և իշխանությունը ստիպված է լինելու նոր պետական պարտք ներգրավել՝ նախարարը նշեց, որ նման մտահոգություններն անհիմն են։
Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների համար վերցված 102 միլիոն եվրո վարկի մասին՝ նախարարը շեշտեց, որ այն տրամադրվում է բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, և այստեղ կարևոր է ոչ միայն գումարը, որքան Միջազգային բանկի կողմից տրամադրվող մասնագիտական աջակցությունը։ Համակարգում հնարավոր խնդիրների վերաբերյալ։
Իսկ ինչ վերաբերում է ապրիլին կենսաթոշակների բարձրացմանը, Ֆինանսների նախարարն ասաց, որ 2025 թվականի վերջին արձանագրվել է ակնկալվածից ավելի բարձր եկամուտների հավաքագրում։ Արդյունքում փոխվել է նաև 2026 թվականի կանխատեսումը՝ այս տարվա պլանավորված եկամուտներն արդեն իսկ ավելացվել են 30 միլիարդ դրամով, և նախատեսվում է ևս 10 միլիարդի ավելացում։
Ըստ նախարարի՝ արդարացի է, որ պետության զարգացման պտուղները քաղեն նաև թոշակառուները, որոնց ստացածը հիմա արդեն գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը։