«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ և պահանջում է հրապարակայնորեն հերքում, ինչպես նաև խոշոր չափի գումարի փոխհատուցում։
Ըստ հայցապահանջի՝ Սամվել Կարապետյանը պետք է հրապարակայնորեն հերքի իր տարածած տեղեկությունն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն ունի։
Փաշինյանը պահանջում է, որ հերքումը հրապարակվի հետևյալ բովանդակությամբ․
«2026 թվականի մայիսի 25-ին, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։
Հայցադիմումում նշված է նաև հերքումն իրականացնելու տեխնիկական պայմանները․
• Հերքումը պետք է իրականացվի YouTube-ում նվազագույնը 200,000 բաժանորդ ունեցող առնվազն երեք լրատվամիջոցների ուղիղ եթերով։ Նշված լրատվամիջոցներով հերքման անհնարինության դեպքում, այն պետք է հեռարձակվի «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքով։
• Հաղորդումը պետք է կրի «Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» վերնագիրը։
• Պետք է ընթերցվի բացառապես դատարանի վճռով սահմանված բուն տեքստը։ Արգելվում է որևէ հավելում կամ մեկնաբանություն պատասխանողի կամ երրորդ անձանց կողմից։
• Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, ինչպես նաև հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է։
Բացի հրապարակային հերքման պահանջից, Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է բռնագանձել 6.000.000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։