«Իշխանություն» լրատվականի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում 2026 թվականի հունիսի 12-ին շարունակվել է թիվ ԵԴ/26924/02/23 քաղաքացիական գործի քննությունը, որը վերաբերում է Դավթաշեն 5-րդ փողոցում գտնվող հողատարածքի շուրջ ծագած վեճին։
Դատական նիստի ընթացքում հողի կադաստրային վկայականով սեփականատեր Հովհաննես Հունանյանի ներկայացուցչի կողմից արդեն երկրորդ անգամ ներկայացվել է նախագահող դատավոր Սարգիս Երիցյանի ինքնաբացարկի միջնորդություն՝ այս անգամ այլ փաստական հիմքերով։
Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվել է, որ դատարանը գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք թույլատրելի ապացույցներ չի ընդունել, որոշ փաստաթղթեր վերադարձրել է առանց բավարար հիմնավորման, ինչպես նաև առանց քննության է թողել ներկայացված նյութերը։ Հողամասի իրական սեփականատերերի ներկայացուցիչները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կադաստրի կոմիտեն գործով որպես երրորդ անձ չի ներգրավվել, իսկ գործի նյութերում բացակայում է կամ ջնջված է 2025 թվականի ապրիլի 3-ի դատական նիստի ձայնագրման արձանագրությունը։
Ինքնաբացարկի միջնորդության մեջ անդրադարձ է կատարվել նաև դատավոր Սարգիս Երիցյանի և հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանի՝ նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանում միասին աշխատած լինելու հանգամանքին։
Դատարանը հայտնել է, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Աջափնյակ 2 նստավայրում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հունանյանը պնդում է՝ փորձում են իրեն և իր ընտանիքին զրկել Դավթաշեն 5-րդ փողոցում գտնվող շուրջ 500 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից՝ օգտագործելով վարչական և դատական լծակներ, ինչպես նաև, նրա գնահատմամբ, կեղծ փորձագիտական եզրակացություններ։
Քաղաքացին նշում է, որ հողատարածքը պատկանել է իր հորը, իսկ վերջինիս մահից հետո՝ 2021 թվականին, անցել է ժառանգներին, որոնք ստացել են սեփականության իրավունքը հաստատող համապատասխան վկայականներ։ Չնայած դրան՝ Հունանյանի խոսքով, ներկայումս ինքը չի կարողանում օգտվել սեփական հողատարածքից և նույնիսկ մուտք գործել այնտեղ։
Նրա խոսքով՝ հողամասին հարակից տարածքում կառուցապատում իրականացնող «Ռետրոշին» ընկերությունը շինարարական աշխատանքների ընթացքում ներխուժել է իր սեփականության տարածք և զբաղեցրել ավելի քան 7 քառակուսի մետր հողամաս։
Հունանյանը նաև նշում է, որ գործընթացում առանցքային դեր ունի Լևոն Ավետիսյանը, որը, ըստ նրա, երկու տարի առաջ առանց համապատասխան շինթույլտվության իր հողատարածքում ապօրինի քարե շինություն է կառուցել։ Քաղաքացին համոզված է, որ հենց այս գործողությունների միջոցով է փորձ արվում կասկածի տակ դնել իր սեփականության իրավունքը և հետագայում ամբողջ տարածքը ներառել կառուցապատման ծրագրերում։
Փաստաբան Գասպար Թադևոսյանի խոսքով՝ դատարանը հաշվի չի առնում հողամասի իրական սեփականատերերի ներկայացրած՝ գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցները։ Ըստ նրա՝ դատարանը դրանք անհիմն կերպով չի ընդունում, մի մասը վերադարձնում է առանց պատշաճ հիմնավորման, իսկ մյուսները թողնում է առանց քննության, ինչի հետևանքով, ըստ փաստաբանի, խոչընդոտվում է գործի հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ քննությունը։
Լիա Սարգսյան