2094 դիտում, 3 ամիս առաջ - 2026-05-18 17:57
Մարդկային պատմություններ

Քաղաքական հայացքների համար մայրիկիս մի քանի անգամ փորձել են աշխատանքից ազատել. Տաթևիկ Սողոյան

Նիկոլ Փաշինյանն ընկել է հոգեխանգարմունքային ցնցումների մեջ և ի ցույց դրել իր իրական վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով բակային հանդիպումներից մեկի ժամանակ իր մայրիկի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Ըստ փաստաբանի՝ երբ իշխանության մոտ սպառվում են ռացիոնալ հակափաստարկները, նրանք անցնում են ներազգային թշնամանքի հրահրմանը։ Դրա վառ օրինակն է հանդիպման ժամանակ հնչեցված «արցախցի կնոջ» թեզը, այնինչ Սողոյանի մայրը ծնունդով Արցախից չէ, և միակ ազգակցական կապը հորական կողմի տատիկն է։

Անդրադառնալով մոր ընդդիմադիր հայացքներին՝ Սողոյանը պարզաբանեց, որ դրանք ձևավորվել են դեռևս 2018 թվականից հետո՝ երբ Փաշինյանը սկսեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանել, դատարանները շրջափակել և Արցախի վերաբերյալ տարակուսելի հայտարարություններ անել։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իր մայրիկին փորձում են ազատել աշխատանքից, փաստաբանը նշեց, որ պաշտոնական հրամանի դեպքում հարցը պարտադիր կվիճարկվի դատարանում։ Նա հավելեց, որ մայրն ավելի քան 20 տարի գլխավորում է տարածքային պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժինը, և հավելեց, որ նախկինում ևս քաղաքական հայացքների պատճառով եղել են շինծու կարգապահական վարույթներ, որոնք դատարանով անվավեր են ճանաչվել։