1362 դիտում, 1 օր առաջ - 2026-08-31 14:54
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. նոր մանրամասներ

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. նոր մանրամասներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։