Շենգավիթում բնակիչները ահազանգում են, որ իրենց տները քանդելու գործընթաց է սկսվել, սակայն ընտանիքներին, իրենց խոսքով, հստակ չի ներկայացվել՝ հետագայում որտեղ են բնակվելու և ինչ լուծում է նախատեսվում իրենց համար։
Բնակիչներից մեկի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել, երեխաները վախեցած են, իսկ ընտանիքի անդամներից մի քանիսին քարշ տալով տարան։
«21 տարեկան տղաս է։ Ուրբաթ օրը եկել են, ասել են, երկուշաբթի էլ եկել են, որ քանդեն։ Ոչ մի տեղեկություն չեն տվել՝ ինչ է լինելու, որտեղ ենք գնալու»,- պատմում է բնակիչը։
Ըստ բնակչի՝ տանը բնակվում է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Նրա խոսքով՝ ընտանիքում միայն մեկ մարդ է աշխատում, իսկ ինքը առողջական խնդիրներ ունի և չի կարողանում աշխատել։
«Որտե՞ղ գնամ, էս երեխեքին ի՞նչ անեմ, փողոցում հայտնվեմ՝ ո՞ւր գնամ։ Մի ճանապարհ ցույց տվեք։ Երեխեքը լացում են»,- ասում է բնակիչը։
Նա պատմում է, որ ընտանիքն արդեն դիմել է քաղաքապետարան և թաղապետարան, սակայն, իր խոսքով, որևէ հստակ լուծում չի ստացել։
«30 տարի է՝ էստեղ ապրում եմ։ Քաղաքապետարան եմ դիմել, թաղապետն էլ ոչինչ չի անում։ Բա ո՞ւմ դիմեմ, որտե՞ղ դիմեմ»,- ասում է նա։
«Գոնե թողեք ապրենք մեր հացով, մեր շնորհքով։ Մեր երեխաներին փողոց մի գցեք»,- ասում է բնակիչը։
«Դուք քաղաքի բնակիչներին տեղ չեք տալիս, դուրս եք հանում, վռնդում եք։ Թուրքիային բերեք, լցրեք։ Ես թուրք չեմ, հայ եմ, հայ քաղաքացի եմ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ ապրել է այդ տարածքում և այժմ չգիտի՝ ուր պետք է գնա իր ընտանիքով։