Շենգավիթում տասնամյակներ շարունակ բնակվող ընտանիքները հայտնվել են ծանր իրավիճակում․ բնակիչների խոսքով՝ իրենց 2 օր առաջ նախազգուշացրել են, որ պետք է լքեն տարածքը, իսկ այսօր արդեն տեխնիկան մոտեցվել է նրանց տներին՝ հնարավոր քանդման գործընթացի համար։
Ընտանիքներից մի քանիսը պնդում են, որ մոտ 30 տարի ապրել են այդ տարածքում, այնտեղ մեծացրել երեխաներին, վճարել ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների համար, սակայն այսօր կանգնած են իրենց տներից զրկվելու վտանգի առաջ։
Տարածքում բնակվող տարեց կինը, որի ընտանիքում, իր խոսքով, 11 մարդ է ապրում, այդ թվում՝ 5 անչափահաս երեխա, լրագրողների հետ զրույցում չէր կարողանում թաքցնել հուզմունքը։
«Ախ, ինչ անեմ՝ ո՞ւր էթամ… Աստված ջան, օգնե՛ք, մի դուռ բացեք էս երեխեքի համար»,- ասում էր նա՝ պատմելով, որ ընտանիքը պարզապես չգիտի՝ քանդման դեպքում ուր է գնալու։
Բնակիչների խոսքով՝ իրենց համար հատկապես անհասկանալի է այն հանգամանքը, որ եթե կառույցներն ապօրինի են, ապա տարիներ շարունակ ինչպե՞ս են իրենք օգտվել կոմունալ ծառայություններից և վճարումներ կատարել։
«Իշխանություն» լրատվականը փորձեց պարզել՝ ո՞րն է բնակիչներին իրենց տներից հանելու իրավական հիմքը, ի՞նչ որոշման հիման վրա է գործընթացը սկսվել և ի՞նչ է սպասվում այս ընտանիքներին։ Այդ հարցերի պատասխանները ստանալու համար «Իշխանությունը» զրուցեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ։
Մխիթարյանը պնդեց, որ այսօր տների քանդում չի իրականացվել։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով ընտանիքներում անչափահաս և հաշմանդամություն ունեցող երեխաների առկայությունը, որոշել է բնակիչներին ևս մեկ հնարավորություն տալ։
«Քանդումը չի իրականացվել։ Քաղաքապետը, հաշվի առնելով, որ հաշմանդամ երեխաներ կան, բազմազավակ ընտանիք է, հնարավորություն է տվել»,- ասաց նա։
Բնակիչների պնդմանը՝ իրենց պատշաճ կերպով նախապես չեն տեղեկացրել և միայն ուրբաթ օրն են հայտնել սպասվող գործընթացի մասին, Մխիթարյանը հակադարձեց, որ խնդիրը, իր խոսքով, 2022 թվականից է, և բնակիչներին բազմիցս զգուշացվել է։
Միաժամանակ նա հերքեց, որ վաղը առավոտյան տարածքում շարունակվելու են քանդման աշխատանքները։ Նրա խոսքով՝ վաղը բնակիչների հետ նախատեսված է հանդիպում քաղաքապետարանում, որտեղ նրանց ևս մեկ հնարավորություն կտրվի դադարեցնել, իր ձևակերպմամբ, ապօրինի գործունեությունը։
«Վերջին նախազգուշացումը կտանք»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է բնակիչների բարձրաձայնած ամենակարևոր հարցերից մեկին՝ եթե նրանք այդ տարածքում շուրջ 30 տարի ապրել են, ապա այդ ընթացքում ո՞ւմ են վճարել կոմունալ ծառայությունների և այլ պարտավորությունների համար, Մխիթարյանը նշեց, որ չգիտի և չի կարող պատասխանել այդ հարցին։
«Չգիտեմ՝ իրենք ում ինչ են վճարել, ես ընդամենը մի ամսվա վարչական շրջանի ղեկավար եմ»,- ասաց նա։
Անչափահասների՝ ոստիկանության բաժին տեղափոխվելու մասին հարցին էլ վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ երեխաներից մեկը, իր խոսքով, հարվածել և վնասել է ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով ոստիկանությունն իրականացրել է իր գործառույթները։
Հարությունյան Մարգարիտա